Մայիսի 6-ի գիշերը տասնյակ ուկրաինական անօդաչու սարքեր մեկուկես ժամ փորձել են գրոհել Մոսկվան՝ հայտնել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ 19 անօդաչու թռչող սարքեր ոչնչացվել են ՀՕՊ ուժերի կողմից, երբ նրանք մոտենում էին քաղաքին։ Անօդաչուներից մեկի բեկորները հարվածել են Կաշիրսկոյե մայրուղում գտնվող ինը հարկանի բնակելի շենքին: Հարվածային ալիքը կոտրել է վերին հարկերի և ծաղկի խանութի պատուհանները։ «Նախնական տեղեկություններով՝ լուրջ ավերածություններ ու զոհեր չկան»,- նշել է Սոբյանինը։               
 

«Արվեստասերները վերջապես վերադարձան նկարիչների միության ցուցասրահներ»

«Արվեստասերները վերջապես վերադարձան նկարիչների միության ցուցասրահներ»
29.11.2015 | 14:23

Վաղը ԿԱՐԵՆԱՂԱՄՅԱՆԻ ծննդյան 70-ամյակն է։ Շատերին սա անակնկալի կբերի, քանի որ նա երիտասարդ է ամեն բանում, իր արվեստում, բազմաբևեռ զբաղվածության բոլոր բնագավառներում, առհասարակ ամենուր։ Նրա գործունեությունը գերագնահատելն անհնար է, վերականգնվեց Հայաստանի նկարիչների միությունը` բառացիորեն հառնելով անհայտ և անհույս իրավիճակներից։ Միաժամանակ Կարեն Աղամյանը ուշագրավ ստեղծագործող է։ Իհարկե, մի քանի հոդվածի նյութ է նրա հարուստ ստեղծագործական ժառանգությանն անդրադառնալը, նշենք, թերևս, վերջին շրջանի մեծածավալ (թե՛ բովանդակությամբ և թե՛ չափերով) կտավները` Մեծ եղեռնի 95-րդ տարելիցին նվիրված «Գաղթը», դրանից առաջ Մոնթե Մելքոնյանին, 2015-ին` Գուրգեն Յանիկյանին ձոնված կտավները, նաև մասնակցություններ այս տարի Ղազախստանում և Չինաստանում կայացած ցուցահանդեսներին։ Նրան ճանաչել եմ 1996-ից, երբ պատահաբար ծանոթացա նրա նկարներից մեկին։ Սակայն սա այլ խոսակցության թեմա է։

«ԵԹԵ ՄԱՐԴԸ, ԱՌՀԱՍԱՐԱԿ, ԳՈՀ Է ԻՐ ԱՐԱԾԻՑ ԵՎ ԻՐ ԿՅԱՆՔԻՑ, ՈՒՐԵՄՆ ՆԱ ԱՅԼԵՎՍ ՉԻ ԱՊՐՈՒՄ»


-Հոբելյանից առաջ անհնար է խուսափել հոբելյանական հարցերից։ Ես ևս չեմ խախտի ավանդույթը. բավարարվածություն ունե՞ք Ձեր անցած ճանապարհից որպես նկարիչ։
-Համոզված եմ, որ իմ պատասխանն էլ շատ ինքնատիպ չի հնչի, այնուամենայնիվ, պատասխանում եմ, որ եթե մարդը, առհասարակ, գոհ է իր արածից և իր անցած կյանքից, ուրեմն նա այլևս չի ապրում։ Այնպես որ, ամենևին էլ բավարարված չեմ ու դեռ բազում անելիքներ ունեմ։
-Անցած ճանապարհի գնահատականը։
-Եվ դրական եմ գնահատում, և ոչ այնքան լիարժեք, ինձ լիովին բավարարող։ Քանի որ միշտ էլ համոզված եմ` կարելի էր շատ բաներ անել և շատ լավ անել, ինչը չեմ կատարել։ Ամփոփեմ պատասխանս, դեռ բավարարված չեմ։

«ՆԱ ԿԱՐՈՂ ԷՐ ՀԱՅ ԿԵՐՊԱՐՎԵՍՏՈՒՄ ԻՐ ՈՒՐՈՒՅՆ ՏԵՂՆ ՈՒՆԵՆԱԼ, ՍԱԿԱՅՆ ԿՅԱՆՔԸ ՆՎԻՐԵՑ ՄԱՏԱՂ ՍԵՐՆԴԻՆ»


-Հիշեք Ձեր առաջին նկարը տասնամյակների հեռվից։
-Առաջին նկարս, որ հիշում եմ, նավակ էր, հիշում եմ, թե ինչպես էի նկարում, որտեղ էի նստած։ Ես հինգ տարեկան էի։ Այդ տարիներին շատ եմ նկարել, դրանք մեծ մասամբ պահպանվել են, սակայն այդ նկարը` իմ նավակը, չկա։
-Նկարիչը, ավելի ճիշտ, ապագա նկարիչը, դպրոցում արդյոք լա՞վ էր սովորում նկարչության դասերը։ Դա պարտադի՞ր էր։
-Բնավ։ Դպրոցի նկարչության դասավանդումը ավելի շուտ զբաղմունք է, ոչ ավելին։ Այլ բան է պիոներ պալատը, բախտ ունեցա սովորելու մի հիանալի մանկավարժի` Գագիկ Ղազարյանի մոտ։ Նա պատերազմ անցած մի մարդ էր, ով կարող էր հայ կերպարվեստում իր ուրույն տեղն ունենալ, սակայն կյանքը նվիրեց մատաղ սերնդի կրթմանն ու դաստիարակմանը։ Վեց տարեկանից եմ հաճախել նկարչական այդ խմբակը, չգիտես ինչու, սովորում էի 8-9 տարեկանների հետ։ Գագիկ Ղազարյանը քաջ հայտնի էր որպես Գագա, նա բազում սաներ ուներ։ Հիշեմ ճարտարապետ Ռոմիկ Ջուլհակյանին, գեղանկարիչներ Ռուբեն Ղևոնդյանին և Յուրա Խաչանյանին, վաղամեռիկ, զարմանալի տաղանդով օժտված Ավետիք Ավետիսյանին, ճանաչված նկարիչ-գոբելենիստ Կարո Եղիազարյանին, շատերին։ Գագան շատերի, նաև ինձ համար հիշատակելի է նախ մարդ-քաղաքացի, նոր միայն նկարիչ-ստեղծագործող կերտելու տաղանդով։ Գիտես, այն տարիներն ընդունված է համարել մշակույթի և արվեստի կաղապարացման տարիներ։ Սակայն մի զարմանալի ազատություն կար։
-Կարեն, կարոտաբաղձությամբ Դուք չեք տառապում, սա հաստատ է։ Այնպես որ, պարզաբանեք Ձեր միտքը։
-Պիոներ պալատի լավագույն սաների ստեղծագործությունները հաճախ էին «լքում» Հայաստանի սահմանները և հայտնվում աշխարհի շատ երկրներում։ Տարին մեկ անգամ Մոսկվայում մեծ մանկական ցուցահանդես էր կազմակերպվում, կատալոգներ էին հրատարակվում և հետո արդեն լավագույն գործերն ուղարկվում էին այլ երկրներ` մասնակցելու համաշխարհային նկարչական ցուցահանդեսների։ Մեր շատ պատանի և մանուկ նկարիչներ են մասնակցել և՛ համամիութենական ցուցահանդեսների և Հայաստանն են ներկայացրել միջազգային ստուգատեսներում, շահել եմ բազմաթիվ մրցանակներ, առաջինը` 1955-ին։
-Դուք միաժամանակ պրոֆեսիոնալ եք և՛ գեղանկարչության, և՛ դիզայնի բնագավառում։ Դժվար չէ՞ դրանց համատեղումը, երբ ինքս Ձեր գործերը դիտելով, որևէ ընդհանրություն չեմ տեսնում նրանց միջև։ Ի՞նչն է բանը։
-Ձեր հարցը շատ հետաքրքիր է, և պատասխանը շատ ժամանակ կխլի։ Փորձեմ հակիրճ պատասխանել։ Թերլեմեզյանի անվան ուսումնարանի գեղանկարչության բաժնում սովորելուց հետո ընդունվեցի Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դիզայնի բաժինը։ Այն ժամանակ չկար «դիզայն» հասկացությունը, հայտնի էր իբրև արդյունաբերական էսթետիկա կամ արդյունաբերական արվեստ։ Իմ դիպլոմում, ի դեպ, գրված է նկարիչ-կոնստրուկտոր։ Արդյունաբերական դիզայնը շատ հետաքրքիր մասնագիտություն է։ Սակայն գեղանկարչությունն ու արդյունաբերական դիզայնը հակադիր երևույթներ են, սկզբունքների անգամ հակամերժ տեսակներ։ Միաժամանակ նրանք օգնում են միմյանց։
Այժմ ներկայացնեմ այս երկու ճյուղերի տարբերությունը. կերպարվեստում անհատը բացահայտում է իր «ես»-ը, նկարիչը հենց դրանով է հետաքրքիր, իր առանձնահատկությամբ։ Դիզայնում «ես»-ը ժխտվում է, դիզայների մտահղացումը, նախագիծը ծառայում են օգտագործողին, թերևս հասարակությանը։


«ԿԵՑՈՒԹՅԱՆ ՀՈԳՍԸ ՄԵԶ ԾԱՆՈԹ ՉԷՐ»


-Ձեր սերունդը ասպարեզ իջավ 1960-ականների վերջերին։ Ես հիշում եմ այն շատ հետաքրքիր և բոհեմիկ զրույցները, որոնց մասնակցում էին Ֆելիքս Եղիազարյանը, Կարապետ Փաշյանը, Զորիկ Միրզոյանը, Սուրեն Շահվերդյանը և այլք։ Ինչպե՞ս եք այդ շրջանը հիշում տարիների հեռվից։
-Բուռն զարգացում էր ապրում մշակույթը, ազատ շունչը ամենուր էր զգալի։ Կերպարվեստի վարպետներն ապրում էին բարեկեցիկ կյանքով, բոլորն անխտիր ապահովված էին պատվերներով` նկարիչների միության գեղարվեստի ֆոնդի և ՀԽՍՀ կուլտուրայի նախարարության կողմից։ Կեցության հոգսը մեզ անծանոթ էր, մենք քննարկում էինք մեր ստեղծագործությունները, հայ կերպարվեստի առանձնահատկությունները, չէինք անտեսում համաշխարհային մշակույթն ու արվեստը։ Նման պայմաններում է հնարավոր ստեղծագործական վերելքը։ Այն տարիներին պետությունն արվեստանոցներ էր տրամադրում նկարիչներին, բոլոր նկարիչներին։ Նշանավոր վարպետների հանդեպ պետական վերաբերմունքը ակնհայտ էր, հատուկ արվեստանոցներ ստեղծվեցին Մարտիրոս Սարյանի, Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի, Երվանդ Քոչարի և Ջոտտոյի համար։ Մինասին արվեստանոց տրամադրվեց մայրաքաղաքի կենտրոնում և այլն։ Այսօր մի՞թե տաղանդներ չեն ծնվում հայ կերպարվեստում, անշուշտ, ծնվում են, սակայն նրանց բնականոն աճն է կանգնել պայմանների բացակայության պատճառով։ Գուցե այսօր մի նոր Քոչար կամ Սարյան է հայտնվել մեր իրականությունում, սակայն նա ինչպես պետք է դրսևորի իր տաղանդը, եթե չի կարող մեկնել արտասահման, չունի արվեստանոց և չունի իր գործի սպառումը։
-Պարոն Աղամյան, Ձեր գործունեության նշանակալից մյուս մասը Հայաստանի նկարիչների միությունն է, որի նախագահն եք 1998-ից։ Ո՞Ւմ առաջարկով ստանձնեցիք այս որքան պատվավոր, նույնքան էլ պարտավորեցնող գործը։
-Որևէ առաջարկ չի եղել։ 1998-ին համագումարը վարողներից մեկն էի և հասկանալի էր, որ միությունը անհասկանալի վիճակում է, նախկին ղեկավարությունը հայտնի ամոթալի դեպքերից հետո, որոնց մասին հիշել, կներեք, չեմ կամենում, միությունը ղեկավարում էր նախագահի պաշտոնակատարը։ Մի խոսքով, 11 թեկնածու որոշեց սատար կանգնել ՀՆՄ-ին այդ դժվար, խառնաշփոթ օրերում։ Ամենաշատ ձայները հավաքեցի ես և այդ բեռը տանում եմ մինչ օրս։
-Նշեք միության գործունեության փուլերը, սկսած 1998-ից։
-1998-ին փորձում էի հասկանալ, թե ինչ ունի ՀՆՄ-ն։ Շատ տխուր էր պատկերը, գրեթե անհույս։ Անկեղծ ասած, մի պահ զղջացի, հասկանալով, թե ինչ ծանր բեռ եմ շալակս առել։ Միության վարչական շենքի նախասրահում բնակություն էին հաստատել թափառաշրջիկները։ Առավոտյան ստիպված էինք լինում նրանց ուղղակի քշել։ Առաջին հարկի ցուցասրահը վերածվել էր խանութի, ռումինական կահույք էին վաճառում։ Այստեղ խանութի տնօրենն էր բնավորվել։ Դահլիճից աջ ինչ-որ սրճարան էր գործում, ուր կասկածելի նկարագրի տեր, գրեթե միշտ հարբած մարդիկ էին և այլն։ Ժամանակ անց պարզվեց, որ ՀՆՄ-ի և «Մոսկվա» կինոթատրոնի միջև գտնվող գեղաշեն շինությունը, որը կառուցվել էր նկարիչների միության գումարների հաշվին, արդեն վաճառվել էր գաղտնի պայմաններում, մեր սեփականությունը չէին Երևանում հայտնի և սիրված գեղարվեստի սրահները, «Նկարիչ» սրճարանը և այլն։ Հայաստանի նկարիչների միության ունեցվածքի շուրջ 80 %-ն արդեն մերը չէր։ Եվ ահա նման պայմաններում մենք սկսեցինք ցուցահանդեսների շարքը, արվեստասերները վերջապես վերադարձան նկարիչների միության ցուցասրահներ` ցուցահանդեսների։ Այստեղ մի շատ կարևոր բան պիտի ասեմ. հեռուստաընկերությունները պարբերաբար և մեծ սիրով էին լուսաբանում ցուցահանդեսները, առհասարակ մեր գործունեությունը։ Այս նշանակալից գործընթացը շարունակվեց մինչև 2007 թվականը, հետո պատկերը կտրուկ փոխվեց, արդեն 7-8 տարի է, ինչ, բացարձակապես անհասկանալի հանգամանքներով պայմանավորված, հեռուստաընկերությունները հազվադեպ են հիշատակում մեր գրեթե տասն օրը մեկ բացվող ցուցահանդեսները։


-ՀՆՄ դահլիճների կառուցմանը ներկա եմ եղել և հիշում եմ այն «հերոսական-օրհասական» օրերը։ Ոմանք թերահավատ էին, թե դահլիճները կկառուցվեն, ոմանք էլ ականջ էին դնում անհեթեթ, սակայն ներգործուն ուժ ունեցող բանսարկություններին։ Անկեղծ լինենք, նախկին ցուցասրահները հնարավոր չէ՞ր պահպանել։
-Նախ, ցանկանում էինք վերանորոգել մեր ցուցասրահները։ Սակայն դահլիճները ոչ միայն չէին համապատասխանում այսօրվա պահանջներին, այլև նրանց սեյսմակայունությունը վտանգված էր, և մենք ընդունեցինք մեկ այլ առաջարկ` քանդել երկհարկանի դահլիճները, կառուցել նոր ցուցահանդեսային դահլիճներ, հիմնանորոգել ՀՆՄ վարչական շենքը, փոխարենը թույլ տալ ներդրումներ կատարող ընկերությանը ցուցասրահների վրա կառուցել իրենց գրասենյակային տարածքները։
-Հիմնանորոգվեց ՀՆՄ-ն, բացառությամբ քարտուղարության սենյակի և Ձեր աշխատասենյակի։ Որ ի՞նչ։
-Այն, որ գլխավոր խնդիրները լուծելուց հետո միջոցները չբավարարեցին քարտուղարության և վարչության սենյակները նորոգելու համար։ Մեր ցուցահանդեսային համալիրը ոմանց կարծիքով լավագույնն է ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում։
-Քարտուղարության կազմում են ավագ սերնդի ներկայացուցիչ Խաչատուր Ազիզյանը և համեմատաբար երիտասարդ սերնդից Վահագն Գալստյանը։ Կարապետ Փաշյանը ՀՆՄ փոխնախագահն է 1998-ից։ Հե՞շտ է աշխատել նկարիչ-պատասխանատուների հետ։
-Այնքանով է հեշտ, որ մենք համախոհներ ենք։ Ինչու չէ, նաև ընկերներ։ Սակայն չմոռանամ ևս մի կարևոր հանգամանք. մեզ հաջողվեց ՀՆՄ քանդակի կոմբինատին իսկապես նոր շունչ հաղորդել։ Երկար տարիներ այն ուղղակի գոյատևում էր, վերածվել էր աղբանոցի։ Սակայն նոր տնօրեն Մարտուն Հարությունյանը մեծածավալ աշխատանքներ կատարեց և վերանվանված կոմբինատը (այսօր այն կոչվում է «Գեղարվեստի» կոմբինատ) պատրաստ է ցանկացած ծավալի և որակի պատվերներ ընդունելու։ «Գեղարվեստի» կոմբինատի վարչական շենքում ստեղծել ենք հինգ արվեստանոց, որոնք որոշակի ժամկետներում տրամադրում ենք արվեստանոցի կարիք ունեցող ՀՆՄ անդամներին։ Այսօր փորձում ենք ավելի աշխուժացնել «Կերպարվեստ» պարբերականի հրատարակումը, ցուցահանդեսները` մեկը մեկից ուշագրավ, շարունակվում են։ Այնպես որ, լավատեսությամբ եմ նայում Հայաստանի նկարիչների միության վաղվա օրվան։
-Շնորհավոր Ձեր հոբելյանը, Ձեզ և Ձեր գործերին իմ և «Իրատեսի» կողմից կանաչ ճանապարհ։


Հարցազրույցը`
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 3925

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ